Շաբաթ, 24 Ապրիլի 2021 12:55

Մարկո Պրլյևիչ․ «Հուսով եմ՝ առնվազն մեկ տիտղոս կնվաճենք»

32-ամյա սերբ պաշտպան Մարկո Պրլյևիչը Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում երկու գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Վեստ Արմենիայի» և «Արարատ-Արմենիայի» դարպասները։ Փորձառու ֆուտբոլիստը 2016 թվականից որոշակի դադարներով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում` խաղալով «Շիրակի» կազմում, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ միացել է Երևանի «Արարատին»: Այդ ողջ ընթացքում էլ նա միայն երկու գոլի հեղինակ էր դարձել։ Հենց այս և նախկինում խփած գոլերի մասին սկսեցինք մեր երկար զրույցը Մարկո Պրլյևիչի հետ․


ԵՐԿՈՒ ԳՈ՞Լ․ ԱՓՍՈՍ «ՆՈԱՅԻ» ԴԱՐՊԱՍԸ ՉԳՐԱՎԵՑԻ
- Այո, շատ ուրախ եմ, որ երկու գոլի հեղինակ դարձա գավաթային վերջին խաղերում։ Նախորդ երկու գոլերը Հայաստանում՝ «Շիրակի» կազմում խփել էի հենց «Արարատի» դարպասը (ժպտում է)։ Ուրախ եմ, որ առաջին գոլս օգնեց թիմին դուրս գալ հաջորդ փուլ, իսկ այս գոլս լավ հնարավորություններ ստեղծեց եզրափակիչ դուրս գալու համար։ Սակայն շատ ավելի ուրախ կլինեի, եթե կարողանայի առաջնության խաղում գրավել «Նոայի» դարպասը։ Այնտեղ ևս լավ հնարավորւթյուն ունեի 2-2 հաշվի ժամանակ, սակայն հարվածը չստացվեց։ Իհարկե գոլ խփելուց հետո լավ զգացողություններ ես ունենում, և հուսով եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը էլի գոլերի հեղինակ կդառնամ, սակայն ֆուտբոլում ամենից կարևորը թիմային հաջողությունն է։

- Չնայած առավելությանը, «Արարատ-Արմենիայի» հետ պատասխան խաղում ամեն ինչ վճռվելու է պատասխան խաղում։ Ի՞նչ ակնկալիքներ կան։
- Բնականաբար, դեռ ոչինչ վճռված չէ։ Մենք ինքներս էինք ճիշտ նույն հաշվով նախորդ փուլում պարտվել «Վեստ Արմենիային», սակայն կարողացանք հետ բերել կորցրածը։ Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է։ Մենք պետք է պատրաստվենք և կենտրոնացված գործենք և չմտածենք այն մասին, որ առավելություն ունենք։

- Ի՞նչ եք սպասում մրցաշրջանի մնացած հատվածից։
- Մեզ շատ հագեցած խաղացանկ է սպասվում, քանի որ կորոնավիրուսը ամեն ինչ խառնել է իրար։ Մենք պայքարում ենք երկու տիտղոսների համար, և հուսով ենք, որ կնվաճենք դրանցից առնվազն մեկը։

- Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը պաշտպանությունում, որտեղ խաղում են փորձառու Մկոյանը, իսպանախոս տղաները, Ժիրայր Մարգայանը, Իվան Սպիչկան՝ Ուկրաինայից․․․
- Մինչև վերջին երկու հանդիպումները մենք ընդամենը յոթ գոլ էինք բաց թողել, իսկ դա խոսում է թիմային լավ պաշտպանության մասին։ Միգուցե կենտրոնացվածության պակասի կամ հոգնածության հետևանքով այդպես ստացվեց վերջին երկու խաղերում։ Սակայն մենք բոլոր դիրքերում ունենք շատ լավ խաղացողներ և մեկի բացակայության դեպքում մյուս ֆուտբոլիստը պատրաստ է փոխարինել նրան, իսկ դա շատ լավ է թիմի համար։ 


ՌՄԲԱՀԱՐՈՒՄԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐՆ ԷԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ

- Խոսենք, քո ֆուտբոլային կարիերայում առաջին քայլերի մասին։ Ծնվել ես Սերբիայի Ուժիցե քաղաքում։ Ինչպիսի՞ն էին պայմանները պատանի ֆուտբոլիստների համար 90-ականների Սերբիայում։
- Այո, առաջին քայլերս արել են Ուժիցեի «Սլոբոդա» ակումբում, որտեղ մարզվել է նաև Նեմանյա Մատիչը։ Պայմաններն այնքան լավը չէին, և ստիպված էինք ոչ թե հիմնական խաղադաշտում մարզվել, այլ քաղաքից դուրս ինչ-որ տեղ։ Բայց հիմա ամեն ինչ լավ է, կան արհեստական խոտածածկով խաղադաշտեր և պատանիների համար ավելի հեշտ է ֆուտբոլով զբաղվելը։ Սակայն պատենական հասակում չես մտածում նման բաների մասին և միայն հաճույքով ու սիրով ֆուտբոլ ես խաղում ցանկացած վայրում։

- Այդ տարիքում նույնպե՞ս ամենաբարձրահասակն էիք։
- Այո, միշտ բարձրասահակ եմ եղել։ Մի քանի դիրքում եմ խաղացել։ Սկզբում կենտրանական պաշտպան էի, հետո՝ հարձակվող, հետո՝ հենակետային կիսապաշտպան։

- Սերբիայում բասկետբոլը շատ մասսայական է։ Չե՞ք մտածել այդ մարզաձևով զբաղվելու մասին։
- Այո, իսկապես շատերն են բասկետբոլով զբաղվում և ավելի երտիասարդ տարիքում շատ լավ էի խաղում։ Բայց ֆուտբոլն ավելի շատ էի սիրում և ընտրեցի այս մարզաձևը։ Հիմա էլ ազատ ժամանակ խաղում եմ։ Հայաստանում բասկետբոլ խաղացողներ այնքան էլ շատ չեն, որքանով, որ ես եմ նկատել։

- Հայտնի է, որ 1999 թվականին Հարավսլավիայում պատերազմի ընթացքում ռմբահարվել է նաև Ուժիցե քաղաքը։ Արդյո՞ք այդ ժամանակ Ուժիցեում էիք և ի՞նչ հիշողություններ կան դրա հետ կապված։
- Այո, Ուժիցեում էի և միայն 2002-ից հայրիկիս աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Բելգրադ։ Հիշում եմ, որ սարսափելի էր և պետք էր անընդհատ թաքնվել, սակայն ավելի շատ մեր ծնողներն էին մեզ համար վախենում, քանի որ մենք փոքր էինք և չէինք հասկանում իրավիճակի լրջությունը։

ԵՐՐՈՐԴ ԼԻԳԱՅԻՑ ԴԵՊԻ ՍԵՐԲԻԱՅԻ ՍՈՒՊԵՐ ԼԻԳԱ

- Ինչպիսի՞ն էր ճանապարհը դեպի Սերբիայի ուժեղագույնների լիգա։
- Ցածր դիվիզիոնների մի քանի ակումբ փոխեցի։ «Բիգ Բուլ» Ռադնիչկի թիմում էի, հետո «Ինջիայում», հետո նորից վերադարձա «Բիգ Բուլ», ապա տեղափոխվեցի «Դոնյի Սրեմ» ակումբ, որը հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում։ Մենք կարողացանք բարձրանալ սկզբում երկրորդ դիվիզիոն, ապա հասանք մինչև Բարձրագույն խումբ։ Ես թիմի ավագն էի և դա շատ լավ շրջան էր իմ կարիերայում։

«Դոնյի Սրեմի» ավագ Մարկո Պրլյևիչը՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում

- Սերբիայում ֆուտբոլասերները հայտնի են իրենց երկրպագմամբ։ Հավանաբար կարոտում եք նման մթնոլորտում խաղերը։

- Մեր ակումբում քիչ էին երկրպագուները և այդքան ակտիվ չէին, քանի որ գյուղ էինք ներկայացնում և այդ գյուղի համար մեծ տոն էր, երբ խաղում էինք «Պարտիզանի» և «Ցրվենա Զվեզդայի» նման մեծ ակումբների դեմ։ Այնուհետև տեղափոխվեցի «Ռադ» ակումբ, որն ուներ ակտիվ երկրպագուներ, որոնց աջակցությամբ խաղալը մեծ հաճույք էր։

- 90-ականներին բալկանները նաև հայտնի էին մաֆիայով և հանցավոր կյանքով։ Արդյո՞ք ձեզ վրա այն անդրադարձել է, թե ոչ և երբ եք առաջին անգամ փորձել բալկաններում հայտնի ռակիա խմիչքը։
-Ոչ, հայրս ոստիկանությունում էր աշխատում և մեզ հեռու էր պահում նման բաներից։ Ես շատ փոքր էի, իսկ հիմա ամեն ինչ կարգավորվել է և այլևս նման բաներ չկան։ Իսկ ինչ վերաբերվում է ռակիային, դա նույնպես չեմ չարաշահել, բայց առաջին անգամ փորձել եմ երևի թե 14-15 տարեկանում, ավագ դպրոցում (ժպտում է)։

ՄԵՆՔ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ ՉԷԻՆՔ

- Մինչ Հայաստան տեղափոխվելը որքանով էի՞ք տեղյակ Հայաստանի մասին։
- Գիտեի, բայց ոչ շատ։ Այստեղ նկատեցի որ շատ են նմանությունները, երկու ազգերն են ունեն արյուն ու սիրտ և պայքարել են հանուն հայրենիքի։ Մենք ուղղափառ ենք և այդ առումով շատ նման ենք։

- Երբ 2016-ին տեղափոխվեցիր «Շիրակ», մտածու՞մ էիք, որ այդքան երկար կմնաս Հայաստանում։
- Ոչ, անկեղծ ասած չէի պլանավորում այսքան երկար կմնայի այստեղ, բայց երբեք չգիտես, թե ինչպես կդասավորվի կյանքը։ Ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը։ Ամենամեծ հիասթափությունը 2017/18 մրցաշրջանի ավարտին էր, երբ մեզանից վերցրին չեմպիոնական տիտղոսը։ Մենք՝ ֆուտբոլիստներս, նվիրվում էինք խաղադաշտում, չէինք խնայում մեզ, սակայն ամեն ինչ որոշվեց խաղադաշտից դուրս ու դա շատ հիասասթափեցնող էր։ Մենք ոչնչի մասին տեղյակ չէինք։ 

Դրանից հետո կարճ ժամանակ հանդես եկա Բուլղարիայում, ապա ինձ հետ կանչեցին և հաշվի առնելով թիմում տիրող ընտանեկան մթնոլորտը, ես հետ վերադարձա։ Իսկ լավագույն պահը գավաթը նվաճելն ու եվրագավաթային հանդիպումներ անցկացնել էր, ինչը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար։ Սերբիայում եթե հանդես չես գալիս առաջատար մի քանի ակումբներում, ապա եվրագավաթների մասին չես կարող մտածել։

Ֆուտբոլն աստիճանաբար առաջընթաց է գրանցում այստեղ, նոր ակումբներ են հայտնվում և նոր մակարդակի է բարձրանում ամեն ինչ, այնպես, որ ես երջանիկ եմ Հայաստանում։

- Սոցիալական ցանցերում շատ լուսանկարներ են հրապարակվում, որտեղ հայկական տարբեր ակումբներում խաղացող սերբերը միասին են։ Կարելի՞ է ասել, որ փոքր սերբական համայնք է ձևավորվել այստեղ։
- Այո, միշտ հաճելի է հայրենակիցներիդ հանդիպելը, միասին սուրճ խմելը և մայրենի լեզվով խոսելը։ Օրինակ «Ալաշկերտի» դարպասապահ Չանչարևիչին յոթ տարեկանից գիտեմ, քանի որ նույն քաղաքից էինք։ Ծանոթ էի Սերբիայում նաև այլ ֆուտբոլիստների։

ԶԱՆԳԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ «ՑՐՎԵՆԱ ԶՎԵԶԴԱՅԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

- Նախորդ տարի 44-օրյա պատերազմի ընթացքում քեզ շատ էին զանգահարում սերբ լրագրողներ, որպեսզի տեղեկանան տիրող իրավիճակի մասին։
- Այո, նրանք ցանկանում էին տեղեկություն ստանալ անմիջապես դեպքի վայրից, սակայն ես բացատրում էի, որ այնտեղ, որտեղ ես եմ գտնվում, պատերազմ չկա։ Սերբերը լավ չէին պատկերացնում, որ ողջ Հայաստանում չէ պատերազմը։ Բայց հուզական առումով շատ դժվար էր, Սերբիայում մեր հարազատները շատ էին անհանգստացած։ Հայ ժողովրդի դեմքերից հասկանալի էր, թե որքան մտահոգ են բոլորը։

- Այդ օրերին «Արարատում» հանդես եկող սերբ ֆուտբոլիստներով լուսանկար հրապարակեցիք՝ ի աջակցություն հայ ժողովրդի։ Ու՞մ գաղափարն էր դա։
- Այո, դա մեր կողմից դա շատ փոքրիկ աջակցության ժեստ էր։ Դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչն էր գաղափարի հեղինակը։ Նա էր շապիկներ պատրաստել։

Արարատի սերբ ֆուտբոլիստներ Իգոր Ստնաևիչի, Մարկո Պրլևիչի, Ուրոշ Նենադովչի և Սպասոյե Ստեֆանովիչի տպավորիչ ժեստը։ ✊ ????? Շնորհակալ ենք։ Hvala vam! #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ArtsakhStrong

Posted by FC Ararat on Thursday, October 1, 2020

- Նաև լրագրողները ձեզ անհանգստացնում էինք «Ցրվենա Զվեզդա» - «Արարատ-Արմենիա» խաղից առաջ․․․
- Այո, «Արարատ-Արմենիան» ընդամենը երեք տարի է ինչ գոյություն ունի և Սերբիայում չգիտեին, որ երկու «Արարատ» կա։ Բոլորն ինձ հարցնում էին, թե ինչ եմ մտածում «Զվեզդայի» դեմ խաղից առաջ և ստիպված էի բացատրել, որ սա այլ «Արարատ» է։

ՏՆՏԵՍԱԳԵՏԻ ԴԻՊԼՈՄ՝ ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
- Մի փոքր խոսենք ֆուտբոլից դուրս կյանքի մասին։ Գիտեմ, որ բարձրագույն կրթություն ունեք, պատմեք այդ մասին։
- Այո, ողջ կյանքիս ընթացքում ծնողներս ասում էին, որ պետք է սովորել, քանի որ չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։ Ես ավարտեցի Սերբիայի Սինգիդունում համալսարանը և տնտեսագետի դիպլոմ ունեմ տուրիզմի և սպորտի ոլորտում։ Հուսով եմ, որ դա ինձ պետք կգա, չնայած Սերբիայում դիպլոմ ունենալը չի նշանակում, որ աշխատանք կունենաս։

- Ինչպիսի՞ն է կյանքը Երևանում ֆուտբոլից դուրս:

- Կնոջս և փոքրիկ երեխայիս հետ եմ այստեղ։ Մինչմրցաշրջանային հատվածի ավարտից հետո նրանք միանում ենք ինձ։ Երևանը շատ հարմար և անվտանգ քաղաք է երեխայի հետ բնակվելու համար։

- Բայց այստեղ ստիված ես ամեն օր գալ Ձորաղբյուր մարզումների համար․․․
-Դա խնդիր չէ։ Սերբիայում ավելի երկար տարածություններ էր պետք անցնել մարզման գնալու համար։ Բայց այո, Գյումրիում ամեն ինչ ավելի մոտ էր և խցանումների խնդիրներ չկային։ Չեմ կարող համեմատել կյանքը Երևանում և Գյումրիում։ Բաներ կար որ այնտեղ էր լավ, բաներ կան, որ այստեղ։ Երկու քաղաքում էլ ինձ լավ եմ զգացել։