Շաբաթ, 14 Օգոստոսի 2021 23:08

«Արարատ»-«Ուրարտու»․ Խաղից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Օգոտսոսի 15-ին ժամը 20։00-ին միմյանց դեմ դուրս կգան «Արարատը» և «Ուրարտուն», թիմեր որոնք առաջին երկու տուրերում վաստակել են 6 միավոր։

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ

«Արարատը» մրցաշրջանը հիանալի է սկսել։ Նախ, առաջին տուրում Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստները 7։1 հաշվով ջախջախեցին «Նոային», այնուհետև երկրորդ տուրում 1։0 հաշվով առավելության հասան «Վանի» նկատմամբ։

Ի դեպ, «Նոայի» դեմ հաղթանակով «Արարատը» կրկնեց 21-րդ դարում ամենախոշոր հաշվով հաղթանակի իր ռեկորդը։

«Ուրարտուն» էլ առաջին տուրում 3։0 հաշվով հաղթանակ տարավ «Նորավանքի» նկատմամբ, իսկ երկրորդում՝ 4։1 հաշվով ուժեղ գտնվեց «Սևանից»։

ՍԵՐԺ ԴԵԲԼԵ Եվ ՅԱԿՈՒԲԱ ՍԻԼՈՒԵ

«Արարատի» կազմում մրցաշրջանը հիանալի են սկսել թիմի երկու հարձակվողները՝ Սերժ Դեբլեն և Յակուբա Սիլուեն։ Նրանք արդեն երեքական գոլի հեղինակ են դարձել։ Դեբլեի գոլն էլ «Վանի» հետ խաղում միակն էր ու հաղթականը։

Առանձնահատուկ կարելի է նշել Յակուբա Սիլուեին, որը նաև լավ խաղող աչքի ընկավ եվրագավաթային հանդիպումներում՝ մեկական անգամ գրավելով «Ֆեհերվարի» ու «Շլյոնկսի» դարպասը։

Դեբլեի և Սիլուեի համագործակցությունը նկատելի մեծ ուժ է թիմի համար և նրանք դեռևս շատ կարող են տխրեցնել մրցակցի երկրպագուներին։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋԵՎ

Վերջին երկու հանդիպումները «Ուրարտուի» դեմ «Արարատի» համար անհաջող են եղել։ Թիմերի միջև վերջին խաղն ավարտվել է Ռոբերտ Արզումանյանի թիմի հաղթանակով՝ 2։0, իակ դրան նախորդած խաղում Ջոնել Դեսիրեի գոլը միակն է եղել։

Վերջին անգամ «Արարատը» «Ուրարտուին» հաղթել է փետրվարի 21-ին՝ Չարենցավանում, որտեղ առավելության հասավ Մորի Կոնեի դուբլի շնորհիվ։

Այս խաղում հաղթողը 100 տոկոսանոց արդյունքով կարող է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրանց կարող է հասնել միայն «Արարատ-Արմենիան», որը նույնպես երկու անընդմեջ հաղթանակ է տարել։

«Արարատ»-«Ուրարտու» խաղը կսպասարկի մրցավար Աշոտ Ղալթախչյանը, իսկ խաղի պատվիրակը կլինի Միքայել Հասրաթյանը։

Հանդիպումը կարող եք դիտել ՀՖՖ յութաբյան ալիքի պաշտոնական էջում։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
«Արարատ»-«Ուրարտու»

«Արարատ» - 1-ին հորիզոնական (6 միավոր), դիմակայության լավագույն ռմբարկու Վահե Յաղմուրյան՝ 5 գոլ:

«Ուրարտու» - 3-րդ հորիզոնական (6 միավոր), դիմակայության լավագույն ռմբարկու Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան՝ 5-ական գոլ: