Երեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2021 17:07

Բազմաթիվ պահեր և խփած երկու գոլ․ ԲԿՄԱ - Արարատ 0։2

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Արարատը» մրցակցի հարկի տակ հաղթանակ տարավ առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ։

Stay Strong, Spalе!

Հայաստանի անկախության օրը կայացած հանդիպման մեկնարկից առաջ Ֆուտբոլի ակադեմիայում հնչեց մեր երկրի ազգային օրհներգը, իսկ «Արարատի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան իրենց նախկին խաղընկերոջ՝ Սպասոյե Ստեֆանովիչին աջակցող մարզաշապիկներով։ Սերբ դարպասապահը ցավալի վնասվածք էր ստացել մի քանի օր առաջ։

Գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում բացվում է հաշիվը

Առաջին կեսում հանդիպման տեմպը բարձր չէր, սակայն «Արարատի» ֆուտբոլիստները կարողանում էին վերահսկել խաղի ընթացքը և վտանգավոր պահեր ստեղծել։ Առաջին վտանգավոր պահը ստեղվեց Դիմիտրիյե Պոբուլիչի գլխով հարվածից հետո, սակայն դաշտի տերերին փրկեց դարպասաձողը։ Սակայն 31-րդ րոպեին էդգար Մալաքյան – Իվան Դիաս – Ալիկ Առաքելյան – Յակուբա Սիլուե գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում «Արարատն» առաջ անցավ հաշվի մեջ։ Սիլուեն նաև հնարավորություն ուներ առաջին կեսում դուբլ գրանցելու համար, սակայն նրա երկար անցումից հետո հարվածը հաջող չստացվեց։ Թիմերն ընդմիջման գնացին «Արարատի» նվազագույն առավելությամբ։

Փոխարինման մտած ֆուտբոլիստները կերտեցին երկրորդ գնդակը

Երկրորդ կեսում խաղը պատկերը չփոխվեց։ Ոչ բարձր տեմպով խաղ և գոլային հնարավորություններ «Արարատի» համար։ Երկու անգամ խաղի հաշիվը կրկնապատկելու հնարավորություն ուներ Դիմիտրիյե Պոբուլիչը, սակայն բախտը երես էր թեքել սերբ կիսապաշտպանից։ Դարպասը գրավելու հնարավորություններ ունեին նաև Յակուբա Սիլուեն, Ալիկ Առաքելյանը, Ժիրայր Մարգարյանն ու Գոռ Մալաքյանը, սակայն գնդակը դարպասում չէր հայտնվում։ Ի վերջո, հանդիպման ավելացված չորրորդ րոպեին փոխարինման մտած ֆուտբոլիստները կերտեցին «Արարատի» երկրորդ գնդակը։ Ռազմիկ Հակոբյանի փոխանցումից հետո Իսահ Ալիյուն բացեց իր գոլերի հաշիվն «Արարատի» կազմում։ Այսպիսով, «Արարատը» 2։0 հաշվով հաղթանակ տարավ՝ վաստակած միավորների քանակը հասցնելով 18-ի։

Հաջորդը՝ Սուպերգավաթն է

«Արարատն» իր հաջորդ հանդիպումը կանցկանցի ընդամենը երեք օր անց։ Սեպտեմբերի 24-ին, 18։30-ին կայանալիք «Ալաշկերտի» դեմ սուպերգավաթային «Արարատը» խաղում կփորձի ավելացնել իր տիտոսների քանակը։ Հանդիպումը կկայանա նույն վայրում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։ 

21.09.2021, Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, 350 հանդիսական

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

ԲԿՄԱ – «Արարատ» 0:2 (0:1)

Գոլը՝ Յակուբա Սիլուե 31, Իսահ Ալիյու 90+4

ԲԿՄԱ – Արման Ներսեսյան, Ստյոպա Մկրտչյան, Միքայել Միրզոյան, Վոլոդյա Սամսոնյան, Արսեն Գալստյան, Հայկ Իշխանյան, Արթուր Սերոբյան (Մարտին Գրիգորյան 63), Արամ Խամոյան (Հայկ Ղևոնդյան 84), Դանիել Աղբալյան, Նարեկ Ալավերդյան (Պետրոս Մանուկյան 78), Գրենիկ Պետրոսյան։

«Արարատ» - Վսեվոլոդ Երմակով, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Իվան Դիաս (Ռուդիկ Մկրչտյան 88), Դավիթ Մանոյան (Գոռ Մալաքյան 69), Էդգար Մալաքյան (Իսահ Ալիյու 75), Ալիկ Առաքելյան (Ռազմիկ Հակոբյան 88), Դիմիտրիյե Պոբուլիչ (Խուան Բրավո 69), Յակուբա Սիլուե։