Շաբաթ, 16 Հոկտեմբերի 2021 21:42

Երկար սպասված հանդիպումը. «Արարատ-Արմենիա»-«Արարատ»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կկայանա առաջնության երկար սպասված հանդիպումներից մեկը։ Երևանի «Արարատը» կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային». տուրի կենտրոնական խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 16:00-ին։

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ

«Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանում դեռևս անպարտելի է։ 7 խաղ և մեկ ոչ-ոքի, ու Գունկոյի թիմը 22 միավորով միանձնյա առաջատարն է։ «Արարատը» իր վառ խաղով շարունակում է հետապնդել «Արարատ-Արմենիային» և 18 միավորով երկրորդն է։  Իհարկե, չեմպիոնության մասին խոսելը դեռ վաղ է, սակայն վաղվա հանդիպումը շատ հարցերի պատասխաններ կարող է տալ։

ԴԵԲԼԵՆ ԿԲԱՑԱԿԱՅԻ

Վարդան Բիչախչյանի թիմը լուրջ կորուստ ունի այս խաղում։ Թիմի և առաջնության լավագույն ռմբարկուներից Սերժ Դեբլեն որակազրկման պատճառով չի մասնակցի խաղին։ Վերջին խաղերում Դեբլեի բացակությունը զգացնել տալիս էր ու «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում նրա բացը փորձելու է լրացնել Յակուբա Սիլուեն, որն առաջնությունում արդեն 6 գոլի հեղինակ է դարձել։

«Արարատ-Արմենիան» ունի բավականին երկար պահեստայինների նստարան և կարողանում է կազմը ռոտացիայի ենթարկելով` դրական արդյունքի հասնել իր խաղերում։

ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2020/21 մրցաշրջանում թիմերը միմյանց հետ հանդիպեցին 5 անգամ՝ ներքին առաջնությունում և VBET Հայաստանի Գավաթում: Բիչախչյանի ֆուտբոլիստները հաղթեցին 2 խաղերում, երկու հանդիպում ավարտվեց ոչ-ոքի, իսկ մեկ խաղում էլ հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիան»: VBET Հայաստանի Գավաթում թիմերը հանդիպեցին կիսաեզրափակչում, որտեղ «Արարատը» հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ: Առաջնության մեկ խաղում հաղթեց «Արարատը»՝ Պոբուլիչի գոլի շնորհիվ, իսկ երկու խաղերում թիմերը հաղթողին չպարզեցին:

«Արարատ-Արմենիա»-«Արարատ» խաղի մրցավարն է լինելու Զավեն Հովհաննիսյանը, ՀՖՖ պատվիրակը՝ Առնո Սարգսյանը: Հանդիպումը կցուցադրվի ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով:

«Արարատ-Արմենիա»-«Արարատ»
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
Հոկտեմբերի 17, 16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա