Երևանի «Արարատը» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Կարեն Բարսեղյանը: Նոր մարզչի գլխավորությամբ «Արարատը» հունիսի 30-ից կսկսի պատրաստվել 2026/27 մրցաշրջանին։ Բարսեղյանի նախորդ ակումբն էր «Գանձասարը»:
Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատի» գործադիր տնօրեն
Կարեն Բարսեղյանը մեծ մարզչական փորձ ունի Հայաստանի առաջնությունում։ Իր աշխատանքով նա բազմիցս ապացուցել է, որ կարող է ձևավորել մրցունակ և ուժեղ թիմ։ Վստահ ենք, որ Բարսեղյանն իր նվիրվածությամբ և աշխատասիրությամբ կօգնի «Արարատին» հաջողություններ գրանցել։
Կարեն Բարսեղյան․
«Արարատի» առաջարկն ընդունելու հարցում ինձ համոզելու կարիք չկար, քանի որ ես միշտ ուղնուծուծով արարատցի եմ եղել, կամ և կմնամ։ Դա ինձ համար գլխավոր շարժառիթն է։ «Արարատն» ինձ համար յուրահատուկ թիմ է եղել և կմնա իմ կյանքում։ Դա չեմ ասում միայն հիմա․ ես դա միշտ եմ ասել։
Մի քիչ ամպագորգոռ կարող է ստացվել, բայց կարծում եմ, որ 20 տարի անց վերադարձել եմ ինձ հարազատ տուն, որտեղ ես որպես ֆուտբոլիստ անցկացրել եմ իմ լավագույն տարիները։ Որպես ֆուտբոլիստ և որպես մարդ՝ ես կայացել եմ հենց «Արարատում»։ Ես շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են «Արարատի» առջև։ Շատ լավ հասկանում եմ՝ ուր եմ եկել և ուր եմ ուզում գնալ։
«Արարատի» նվիրյալ
Կարեն Բարսեղյանի խոսքերն իրենց հետևում ամուր հիմք ունեն։ Նա մեր ակումբի մարզաշապիկով հանդես է եկել 1993-ից 2001 թվականներին՝ մասնակցելով Հայաստանի առաջնության 167 խաղի և դառնալով 47 գոլի հեղինակ և երեք անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (1993, 1994 և 1997)։ Մարզչական կարեիրայի ընթացքում աշխատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Հայաստանի երիտաասարդական հավաքականը։










